...Յարութիւն Նագուլեանը Երեւանում յայտնուեց 1960-ական թուականների կէսերին: Սփիւռքահայ ուսանող էր, Բէյրութից եկել էր Երեւանՙ Բժշկական ինստիտուտում սովորելու: Երեւի թէՙ եկել էր ճիշտ ժամանակին: Այդ տարիները մեր ազգային զարթօնքի եւ վերելքի տարիներն էին, ազգային ինքնագիտակցութեան, ինչպէս նաեւ գրականութեան եւ արուեստի նո՛ր գիտակցման եւ գեղագիտական այլախոհութեան տարիներ:
Տեղին է յիշել ժամանակի գրական կեանքի աննշան թուացող մի մանրուք. 1961 թուականին «Սովետական գրականութիւն» ամսագիրը ապրիլեան համարում (Լենինին նուիրուած համարում) տպագրել էր Պարոյր Սեւակի բանաստեղծութիւններից մի շարք եւ այդ շարքում աւանդական կառուցուածք ունեցող այլաբանական, խորիմաստ ու խորագնայ մի փոքրիկ բանաստեղծութիւն.
Անյարմար է բոբիկ քայլել,
Այս կօշիկն էլ շատ է նեղում:
Ինչպէ՞ս քայլել առանց ուղու,
Այս ճամփան էլ շատ է շեղում:
Դոփել տեղո՞ւմ: Բայց դրանից
Ո՛չ կօշիկդ կը լայնանայ,
Ո՛չ էլ ցաւը կը մեղմանայ...
Ցա՜ւն է յաճախ առաջ մղում...
Սովետական իրականութիւնը իսկապէս որ դարձել էր իսպանական կօշիկՙ շա՜տ էր նեղում: Բայց շատերը չէ, որ դա զգում եւ հասկանում էին: Այդ բանը շատ լաւ հասկացած բանաստեղծին, նաեւ այս բանաստեղծութեան համար, քանիցս կանչել են հաւատաքննութեան ատեանՙ այդ ո՞ր ճամփան է շեղում, չլինի՞ թէ կոմունիզմի...
Այդ տարիներին սփիւռքահայ ուսանողները Երեւանում շատ էին: Եւ նրանցից շատերը հետագայում դարձան Սփիւռքի հայ կեանքի տարբեր ասպարէզների նշանաւոր գործիչներ: Բայց մի քանի հոգի առանձնանում էին միւսներից այն բանով, որ առաւել գրոց-բրոց երիտասարդներ էին եւ մղւում էին դէպի գրականութիւնն ու արուեստը, ընդառաջ այն թարմաշունչ հոսանքին, որ ներխուժել էր գրականութեան, կերպարուեստի, երաժշտութեան պետականօրէն պաշտպանուած սահմաններից ներս: Նրանք արեւմտահայերէնով կրթութիւն ստացած եւ արեւմտահայերէնով դաստիարակուած, ա՛յլ միջավայրից իրենց հետ ազատ մտածողութիւն բերած, անկաշկանդ պահուածք ունեցող երիտասարդներ էին, որոնց համար գրականութեան եւ արուեստի մէջ նոր մտածողութիւնը համադրւում էր ազգային գիտակցութեան եւ հոգեկան ազատութեան հետ:
Բժշկական ինստիտուտի ուսանող Յարութիւն Նագուլեանը Երեւան հասնելուց առաջ Բէյրութում Յովակիմեան-Մանուկեան վարժարանի «Նուիրում» հանդէսում մի բանաստեղծութիւն էր տպագրել «Կապոյտը» խորագրով: Թէպէտեւ սկսել էր բանաստեղծութեամբ, բայց Երեւանում Նագուլեանը գնաց դէպի նկարչութիւնը, աւելի ճիշտՙ սկսեց նկարչութիւնից: Երեւանում նկարչութեան մէջ նոր հովերն աւելի զգալի էին, քան գրականութեան: Նկարիչներն աւելի ազատ էին իրենց մտածողութեամբ, քան գրողներն ու գրականութեան մարդիկ: Հինգի նշանաւոր ցուցահանդէսը (Մինաս Աւետիսեան, Արփենիկ Ղափանցեան, Ալեքսանդր Գրիգորեան, Լաւինիա Բաժբէուկ-Մելիքեան եւ Հենրիկ Սիրաւեան) բացուել էր 1961-ին եւ միանգամայն նոր սկիզբ յայտարարել հայ կերպարուեստում: Այս շարժումը իրօք այլեւս անկասելի էր: 1963-ին լոյս տեսաւ Պարոյր Սեւակի «Մարդը ափի մէջ» ժողովածուն:Երեւանի մէջ օրական քանի մը թոն հաց կը թափուի,
Հաւաննական սիգարները կը փտտին Երեւանի մէջ:
Լեւոն Ներսիսեանը հացի կը նստի
դիցաբանական աստուածներուն հետ,
կը հարբեցնէ բոլոր աստուածները
եւ կը հարբի մարդերէն:
60-ական թուականների երեւանեան արտիստիկ միջավայրը սովորական շփումների եւ առօրեայ հանդիպումների իրականութիւն չէր միայն: Ընդարձակ էին երեւանեան բոհեմի սահմաններըՙ նորաբաց սրճարանները, նկարիչների եւ արձանագործների արուեստանոցները, հանրայայտ ճաշարաններն ու ռեստորանները, տաղանդաւոր գրողների ու արուեստագէտների տներն ու աշխատավայրերը... Վերջապէս Երեւանի կենտրոնըՙ Օպերայի շէնքի եւ «Մոսկուա» կինոթատրոնի տարածքը, զբօսավայր եւ ժամադրավայր Աբովեան փողոցը վերից վար եւ, իհարկէ, նկարիչների հռչակաւոր սրճարանը «Մոսկուա» կինոթատրոնի բակում: Աստուա՜ծ իմ, ի՜նչ մարդիկ էին ամէն օր գալիս-նստում պարզ ու հասարակ սեղանների շուրջ անշուք այդ սրճարանում եւ ինչքա՜ն էր շքեղանում սրճարանը իրենց ներկայութեամբՙ մեծատաղանդ գրողներ, նկարիչներ, դերասաններ, երաժիշտներ... Եւ արուեստի ու մշակոյթի տարեց եւ երիտասարդ երկրպագուների բանակը, որ գալիս էր այստեղ սիրելի արուեստագէտների խօսքն ու զրոյցը լսելու, նրանցից բա՛ն սովորելու եւ կամ գոնէ մի երկու սեղան հեռաւորութիւնից հայ արուեստի նշանաւոր մարդկանց ներկայութեամբ հիանալու եւ սքանչանալու: Նկարիչների այս սրճարանը երեւանեան բոհեմի սիրտն էր եւ կենտրոնատեղին: Եւ երեւանեան բոհեմն էլ սովորական միջավայր չէր, գինարբուքով եւ աղմուկներով լեցուն, որպիսին լինում է սոսկ մի ասպարէզի միջավայրումՙ ասենք, թատրոնի կամ կերպարուեստի... Ի՜նչ խորիմաստ զրոյցներ եւ բուռն, անզիջում, երբեմնՙ նոյնիսկ կատաղի վէճեր ու վիճաբանութիւններ էին լինում նկարիչների այս բացօթեայ սրճարանում, ի՜նչ պատմութիւններ էին պատմւում, ի՜նչ հանդիպումներ էին կայանում... Եւ իհարկէ, ամէն բան, ամէն խօսք ու զրոյց հիմնականում եւ մեծամասամբ արուեստի եւ գրականութեան շուրջ էր: Այստեղ մտքեր էին խմորւում, նոր գաղափարներ էին առաջանում, տեսակէտներ էին ձեւաւորւում... Եւ այդ ամէնը, իհարկէ, կապ չունէր երկրում իշխող արուեստի պետական գաղափարախօսութեանՙ այսպէս կոչուած սոցիալիստական ռէալիզմի հետ: Ու նաեւ սովետական իրականութեան եւ ռեժիմի հետ: Պատահական չէ, որ մոսկուաներում ասում էին, թէ Երեւանը ԽՍՀՄ նկարչութեան մայրաքաղաքն է: Կարելի է ասել, որ Երեւանի «Մոսկուա» կինոթատրոնի հրապարակի այս սրճարանը սովետական երկրի ամենաազատ վայրն էր ու անկիւնը, ազատախոհութեան եւ ազատամտութեան օազիս: Ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ սրճարանը ունէր իր ամենատես աչքերն ու ամէն ինչ լսող ականջները, բայց դա չէր խանգարում, յամենայն դէպսՙ արտաքուստ, որ սրճարանը լինի ազատախոհութեան բացառիկ վայր:
Մեր վաթսունականները վերջանալու վրայ էին, արդէն վերջանում էր վերելքի եւ ըմբոստութեան մեր ժամանակը: Պարոյր Սեւակի «Մարդը ափի մէջ» գիրքը գրուել, «Անլռելի զանգակատունը» վերահրատարակուել էր, «Եղիցի լոյս»ը գրուած էր (գիրքը տպագրուած էր ու կալանուած), Ծիծեռնակաբերդի բարձունքին ելնում էր ազգային միասնական ոգու խորհրդանիշըՙ Եղեռնի յուշարձանը, Հրանտ Մաթեւոսեանի «Օգոստոս»ը տպագրուել էր, Լուսինէ Զաքարեանի եւ Խորէն Պալեանի ձայներով հայ հոգեւոր երգը հնչում էր դահլիճներում, Տիգրան Մանսուրեանը դաշնաւորել էր իր «Հայրէնները», Մինասի ցուցահանդէսը բացուել էր շռնդալից յաջողութեամբ, Սարգիս Փարաջանեանը նկարահանել էր «Նռան գոյնը», Յակոբ Յակոբեանը յայտնագործել էր հայկական բնանկարի նոր պատկեր-կերպարը, Արտո Չաքմաքչեանի արձանագործութիւնը մտաւորական ու մշակութային բարձր շրջանակներում անառարկելի ճանաչում ունէր, Վիլհելմ Մաթեւոսեանը հրատարակել էր «Յակոբ Կոջոյեան. արուեստը» եզակի աշխատութիւնը, Ալբերտ Կոստանեանը գրել էր «Եղիա»ն եւ «Ինտրա»ն, փառահեղ շուքով նշուել էր Երեւան քաղաքի հիմնադրման 2750-ամեակը, բացուել էր Սարդարապատի յուշահամալիրը, Յովհաննէս Թումանեանի եւ Կոմիտասի հարիւրամեակները վերածուել էին յիրաւի ազգային տօնի...
Եթէ իր առաջին տպագիր բանաստեղծութիւններում բանաստեղծը առաւելապէս իրեն է բացում մեր առջեւ, խօսում է խոստովանութեան պէս, ապա հետագայ տարիներին իրական կեանքը, անանձնական ապրումները, անվերջ փոփոխուող աշխարհի բազում իրակութիւնները, թւում էՙ աննկատելիօրէն, թափանցում են իր բանաստեղծութիւնը, այն դարձնելով առաւել դրամատիկ, առաւել տարողունակ, առաւել լեցուն կեանքի թելադրանքով եւ կշռոյթներով: Իր բանաստեղծութեան մէջ մաս ունեն ե՛ւ հայաստանեան կեանքն ու Հայաստանից բաժանումը, ե՛ւ մեր ազգային կեանքի իղձերն ու տագնապները, ե՛ւ լիբանանեան պատերազմը, եւ համաշխարհային արուեստի ու մշակոյթի բազմաթիւ եւ բազմապիսի իրականութիւնները, որոնց գոյութիւնը, որոնց շարժումն ու կերպափոխութիւնների համադրութիւնը ժամանակակից մարդու դիմագիծն են կազմում եւ որոշում են իր ներաշխարհի հարստութեան սահմանները:Այս շարքի բանաստեղծութիւնների մէջ Նագուլեանը իրար է բերում երկու ժամանակՙ վաթսունականները, ի՛ր վաթսունականները եւ մեր ներկան: Երեւանի վաթսունական թուականները «հոգիի նրբանցքներուն մէջ» դեգերող հայ երիտասարդութեան համար ոգու վերելքի ու ընդվզումի ժամանակներ էին, որ լցուած էին մարդուն ազնուացնող եւ բարձրացնող մշակոյթով, գրականութեամբ եւ արուեստով: Եւ, անշուշտ, մարդիկ էինՙ հայ ոգու եւ մշակոյթի հզօր անհատները, որոնք իրականութիւնն ու ժամանակը դարձնում էին լեգենդական.
Լեւոն Ներսիսեանը
տիտանը վաթսունականներուն
Ճօթթօն
Քոչարը
Մինասը
Օննիկ Մինասեանը հոգիով կիլիկեցի
Արմէն Զարեանը
Կոստանի տղան
այն որ գտաւ պրպտեց զննեցԼէօնարտոյի Արմենիա ձեռագիրը...
Նագուլը արդարօրէն կապ է տեսնում վաթսունականների մեր ոգու վերելքի եւ նոր ժամանակներում արդէն մեր արդար պատերազմի դաշտում հայ երիտասարդների գործած անօրինակ սխրագործութիւններիՙ մեր ժողովրդի հոգեկան նոր մեծ վերելքի միջեւ: Վաթսունականների Երեւանը եւ իրենքՙ վաթսունականների մարդիկ, անկրկնելի էին, ինչպէս որ իրենց ժամանակն էրՙ յախուռն, լեցուն, նկարագրով ու հոգիովՙ գեղեցիկ, մաքուր ու վսեմական: Շարքի բանաստեղծութիւնների այդ հատուածները գրուած են մեծ զգացականութեամբ ու աւաղանքով, այն սիրով ու խանդաղատանքով, որ մարդը ունենում է իր երիտասարդութեան եւ առհասարակ անցեալ ժամանակի հանդէպ:
Բայց եւ շարքի բանաստեղծութիւնների առանձին հատուածներում յայտնւում են այլ նոտաներ, մռայլ գոյներ, շատ բան բանաստեղծը տեսնում է տագնապով ու շփոթ սարսափով: Դժբախտաբար, իրաւացի եւ իրատես է հին երազի բանաստեղծը եւ ձգտում է հասկանալ այն անհասկանալի կերպափոխութիւնները, որ ունեցաւ Հայաստանի ժողովուրդն ու հայաստանեան կեանքը.
Հիմա ազատ է մեր հայրենիքը
իրօք այդպէս է
հիմա թալանուած հողամաս մըն է
մեր հայրենիքը
արդեօք այդպէս էր մեր հին երազը
Միշտ իրաւացի է անգլիացի բանաստեղծը:
Իրօք որ Յղացման
Եւ ստեղծումի միջեւ
Յոյզի
Եւ պատասխանի միջեւ
Ընկնում է Ստուերը...
Ահա այդ Ստուերն է, որ աղարտում է մի ամբողջ սերունդիՙ վաթսունականների հին երազը: Վաթսունականների գոյութիւնն ու ներկայութիւնը հայ կեանքում սխրանք էր, հոգեկան մեծ վերելք արձանագրող սխրանք: Այդ մասին, կարծում եմ, դեռ գրքեր են գրուելու:
Եւ շատ է գրուելու:
Նագուլեանի առաջին տպագիր բանաստեղծութիւններից մէկը սկսւում էր այսպէս.
Զանգերուն ձայնը աստղերէն կու գայ
ու կ’արձագանգէ
ներաշխարհիս մէջ...
«Վաթսունականներուն» շարքի մի բանաստեղծութիւնը սկսւում է գրեթէ նոյն պատկերով՝
զանգակներ կան հիմա
ներաշխարհիս մէջ
Կեանքի եւ իրականութեան դրամատիկական ճշմարտութիւնը տեղ չի թողնում նուրբ զգացականութեան համար: Ճշմարտութիւնը դառնում է աւելի զօրաւոր, քան բանաստեղծութիւնը: Հոգեկան տագնապ արթնացնող զանգերը հանգիստ չեն տալիս բանաստեղծին: «Հոգիի նրբանցքներ»իՙ ներաշխարհի բանաստեղծը, թւում է, վերադառնում է այնտեղ, որտեղից սկսել էր: Իր այս շարքի բանաստեղծութիւններում Նագուլը ոգեկոչում-վերակենդանացնում է վաթսունականների անցեալ դարձած ժամանակը, սիրով ու թախիծով մի անգամ էլ ապրելով այդ ժամանակը բանաստեղծութեան մէջ: Թւում էՙ հրաշք է կատարւում, պատմութեան անիւը ետ է շպրտւում, եւ ողջ են ու իր հետ խօսում-զրուցում են վաթսունականների յայտնի դէմքերըՙ Կոստան Զարեանն ու Երուանդ Քոչարը, Լեւոն Ներսիսեանն ու Մինասը, Հովհաննէս Մինասեանն ու Ալբերտ Կոստանեանը, միւսները, բոլորը: Եւ իր այս բանաստեղծութեամբ Նագուլը վերջնական հրաժեշտ է տալիս իր վաթսունականներին եւ ամէն ինչ յանձնում է անվերադարձ անցեալին: Շրջանը փակւում է, բանաստեղծութիւնը ամէն բան հասցնում է իր լրումին: Ուստի եւ բանաստեղծութիւնների այս շարքը արդարօրէն կարող էր կոչուել «Գովք եւ հրաժեշտ վաթսունականներին»:
Իր երիտասարդական տարիների մեղքերից մէկն էլ «Անմարմինները» խորագրով պիեսն է, որ հրատարակուել է 1974-ին: Բայց իր գրական գործի առաւել ուշագրաւ մասն են կազմում իր արուեստաբանական յօդուածներն ու էսսէներըՙ Փարաջանով-Փարաջանեանին նուիրուած յօդուածները, «Ռուտոլֆ Խաչատրեան», «Հենրի Մուր եւ Հայաստանի քանդակագործները», «Յարութիւն Կալենց եւ Հայաստանի նկարչութիւնը», «Երուանդ Քոչար եւ հայկական հարցեր»: Ուշագրաւ է, որ առանձին անհատների անուան եւ ստեղծագործութեան շուրջ գրուած այս յօդուածներն ու էսսէները առաւել մեծ ընդգրկում ունեն, քան կարող է թուալ առաջին հայեացքից: Հայաստանի արուեստին քաջատեղեակ հեղինակը հարցերն ու խնդիրները տեսնում է խորութեամբ եւ խնդրական ձեւով, ստեղծագործական անկասելի ընթացքի ներքին տրամաբանութեամբ: Այն, ինչ ասում էր արուեստաբանը, ժամանակ անց դառնալու էր անառարկելի իրականութիւն: Պարզապէս արուեստաբանը աւելի ճիշտ էր տեսնում երեւոյթները եւ, կարելի է ասել, ժամանակից առաջ էր ընկնում:
Իր այդ յօդուածներն ու էսսէները այսօր էլ չեն կորցրել իրենց արժէքն ու նշանակութիւնը:
***
Վերջին երկու տասնամեակում դոկտ. Յարութիւն Նագուլեանը առաւելապէս տրուած է նկարչութեանը: Թւում էՙ նա վերադառնում է այնտեղ, որտեղից սկսել էր, վերադառնում է արուեստի ամենաազատ, խօսքային կաշկանդումներից զերծ եւ թարգմանական դժուարութիւններից ազատ արուեստի ոլորտը: Արուեստագէտի հոգեկան ազատութիւնը ոչ մի ոլորտում թերեւս այդքան հնարաւոր եւ այդքան կատարեալ չէ, որքան նկարչութեան մէջ: Վերջապէս, նկարչութիւնը գայթակղիչ հնարաւորութիւն է տալիս շրջապատող աշխարհը իր նկարչութեամբ եւ իր նկարչութեան մէջ վերափոխելու ըստ իր հոգեկան կառուցուածքի, գունագեղ աշխարհը վերստեղծելու ըստ պատկերի իւրում:
Ինչո՞ւ եղաւ այս «վերադարձը», ինչո՞ւ Նագուլեանը հիմնովին վերադարձաւ նկարչութեանըՙ իր կտաւների հրապարակաւ ցուցադրութիւններն անելով եւ ցուցահանդէսներ կազմակերպելով: Թերեւս կարելի է կռահել: Հաւանաբար, այն պատճառով, որ նկարչութիւնը վերացարկման աւելի մաքուր ու բարձր ձեւ է, քան գրականութիւնը: Գոյնը չունի այն նիւթական-առարկայական բովանդակութիւնն ու պատմողական իւրայատկութիւնը, որ ունի բառը, խօսքը: Այս իմաստով, նկարչութիւնը առաւել կատարեալ ազատութիւնն է, քան իրական եւ նիւթական աշխարհի յարաբերութիւններով կաշկանդուած գրականութիւնը:
Եւ այնուամենայնիւ, սխալուած չեմ լինի, եթէ ասեմ, որ իր նկարչութիւնը իր բանաստեղծութեան շարունակութիւնն է: Հետաքրքրական է, որ տասնեակ տարիներ արդի հայ նկարչութեան մէջ ապրած տաղանդաւոր նկարիչների արուեստանոցներում իր կեանքը անցրած, նրանց հետ առօրեայ բարեկամութեամբ կապուած Յարութիւն Նագուլեանի նկարչութիւնը նման չէ նրանցից որեւէ մէկի արածին: Իր նկարչութիւնը հասուն, աւարտուած, ինքնավստահ ու կայացած նկարչութիւն է: Կտաւի մշակուած եւ հարուստ մակատեսքը, գունային հետաքրքրական յարաբերութիւնների ստեղծումը, նկարչութեան մէջ առարկայական-պատմողական տարրերից զերծ մնալը եւ զուտ գոյնով մտածելը, գոյնը իբրեւ նկարչութեան ինքնակայ միաւոր եւ ձեւածաւալ ընկալելը կայացած նկարչութեան բնորոշ գծեր ու յատկութիւններ են: Նագուլեանի կտաւների գունային հարուստ մակերեսներն ու ազատ յօրինուածքների արքիտեկտոնիկան կատարեալ դաշնութիւն են ներկայացնում, ինչը տրուած չէ ամէն մի արուեստագէտի:
Տաղանդաւոր անձը տաղանդաւոր է ամէն ինչում՝ թէ՛ բանաստեղծութեան մէջ, թէ՛ նկարչութեան մէջ, թէ՛ առօրեայ կեանքում եւ թէ՛ բանաւոր խօսքում: Նագուլեանը տաղանդաւոր է նաեւ կեանքի երեւոյթների եւ շրջապատի հանդէպ ունեցած վերաբերմունքի մէջ: Ուրախ հումորով եւ սրամտութեամբ փայլող մարդը ունի երեւոյթների եւ առարկաների ընկալման ու գնահատութեան իր կերպը, որ պայմանաւորուած է նուրբ, երբեմն նոյնիսկ անորսալի հեգնանքով եւ բարակ քմծիծաղով, որ նախ ուղղուած է իրեն եւ յետոյ մնացածներին, մեզ բոլորիս: Սրամիտ լինում են սուր միտք, նուրբ դիտողականութիւն եւ թափանցող, վերլուծական միտք ունեցող մարդիկ: Իր հին ըմբոստութիւնը, կեանքի ու երեւոյթների հանդէպ բաց ու անկաշառ հայեացքը, ընկալումի եւ մտածողութեան ազատութիւնը այսօր էլ նոյնութեամբ տեւում եւ շարունակւում են իր մէջ: Տաղանդաւոր մարդը միշտ էլ կարողանում է իր կեանքն ու առօրեան դարձնել իմաստաւոր ու բովանդակալից եւ ապրել այդ կեանքը արուեստով ու մշակոյթով ապրող մարդու հոգեկան գեղեցկութեամբՙ թեթեւ, լուսաւոր եւ արտիստական:
Դոկտոր Յարութիւն Նագուլեանը, աւագ ընկերս ու բարեկամս, ճիշտ այդպիսի անձնաւորութիւն է: Այդ է վկայում նախ եւ առաջ տպագրութեան պատրաստ իր հրաշալի ժողովածուն:
Ես նոյնպէս վկայ եմ եւ հաստատում եմ:
Խմբ. կողմից. - Այս եւ նախորդ էջերում հրապարակվող հոդվածը առաջաբանն է շուտով լույս տեսնող Հարություն Նագուլյանի բանաստեղծությունների եւ արվեստաբանական հոդվածների «Եսՙ վաթսունականս» ժողովածուի, որի կազմողը եւ խմբագիրը Երվանդ Տեր-Խաչատրյանն է: